28 սեպտեմբերի 2012 - 19:50 AMT
Զարուհի Փոստանջյան. Հայաստանը Վրաստանի հետ հարաբերություններում պետք է ավելի ակտիվ օգտագործի հայցը Եվրոպական դատարան

ՀՀ կառավարությունը կարող է Վրաստանի դեմ հայցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` կապված Վահագն Չախալյանի գործի և այդ երկրում հայկական համայնքի իրավունքների խախտման հետ: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը հիշեցրել է, որ միջազգային կոնվենցիաների շրջանակներում Վրաստանն իր վրա է վերցրել մի շարք պարտավորություններ ազգային փոքրամասնությունների պաշտպանության վերաբերյալ և ենթակա է մոնիթորինգի` եվրոպական կառույցների կողմից:

Նա ցավով է ընդգծել, որ անգամ Չախալյանի` անմարդկային պայամաններում գտնվելու վերաբերյալ հայտարարությունից հետո, հայկական իշխանության ներկայացուցիչներից և ոչ մեկը չբարձրացրեց այս հարցը:

Այս առնչությամբ Փոստանջյանը հիշեցրել է հայկական կողմի պասիվությունը` ադրբեջանցիների կողմից հովիվ Մանվել Սարիբեկյանի դին հանձնելու վերաբերյալ: Վերջինիս մարմնի վրա պարզ երևում էին բռնության հետքեր:

Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է ակտիվ գործի տարբեր միջազգային կառույցներում` պաշտպանելով ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ այլ երկրների հայերի իրավունքները:

Հայ ակտիվիստ Վահագն Չախալյանը ձերբակալվել է վրացական իշխանությունների կողմից 2008թ հուլիսի 21-ին: 2009-ին նա դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Չախալյանի գործը ներկայումս Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիտարկման փուլում է: