22 մարտի 2005 - 08:15 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ
Ռուսաստանի Դաշնությանը հանձնված հայկական ձեռնարկությունների ներուժը հնարավոր է ամբողջովին օգտագործել պետական ծրագրերում, որոնք գոյություն ունեն կամ ծրագրվում են Ռուսաստանում, իսկ ձեռնարկությունները կարող են ինտեգրվել երկրի արտադրական շղթաներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն, տեղեկացնում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը: Նրա խոսքերով` միջպետական ինտեգրումը մեկ օրվա գործ չէ: Այստեղ հարկավոր է համապատասխան տնտեսական եւ այլ պայմանների ձեւավորում: Զարգացման նորարարական ուղին` դա ամենագլխավորներից մեկն է: «Ինձ թվում է, որ մեր երկրների գիտական, արտադրական եւ գործարար շրջանները պետք է հատուկ շեշտադրում կատարեն նորարարական աճի, մտավոր ներուժի ակտիվացման անհրաժեշտության, բարձր տեխնոլոգիաների զարգացման կիրառման ուղղությամբ: Դրա վրա անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել: Մենք պետք է մրցակցությանն ընդունակ լինենք միջազգային մակարդակում: Իսկ դրան կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե զարգանանք նորարարական ուղիով»,- նշել է Վիկտոր Խրիստենկոն: Նախարարը նշել է նաեւ, որ ռազմական տնտեսական ոլորտում ռուսաստանյան եւ հայկական փոխհարաբերությունների կարգավորողը Ռուսաստանյան Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ 1994 թվականի մարտի 30-ին ստորագրված արդյունաբերության պաշտպանական ոլորտների ձեռնարկությունների արտադրական եւ գիտա-տեխնիկական կոպերացիայի մասին Համաձայնագիրն է: Վ.Խրիստենկոյի խոսքերով` արդյունաբերության պաշտպանական ոլորտների ձեռնարկությունների ձեւավորված արտադրական կապերի ամրապնդման նպատակով Ռուսաստանի եւ Հայաստանի (ԱՊՀ երկրներից առաջինը) միջեւ 1999 թվականին ստորագրվել է միջպետական համաձայնագիր` ռազմական արտադրանքի արտադրությանը մասնակցող ձեռնարկությունների մասնագիտացման պահպանման մասին: Համաձայնագրով նախատեսվում է ռազմական նշանակությամբ որոշակի տեսակների արտադրանքի արտադրության` ռուսաստանյան 23 եւ հայկական 18 ձեռնարկությունների պահպանումը: Մեր երկրների կուտակած փորձը եւ նոր ինտեգրման հնարավորությունները թույլ են տվել հաստատված արտադրական եւ գիտատեխնիկական կոպերատիվ կապերի պահպանումից անցնել դրանց զարգացման եւ ինտեգրման կոնցեպցիային` նոր միջպետական ինտեգրման ձեւավորումների ստեղծման շրջանակներում: