29 սեպտեմբերի 2012 - 11:20 AMT
Լևոն Արոնյանը Մեծ սաղավարտի եզրափակչի 4-րդ տուրում միավորները կիսել է Կարլսենի հետ

Լևոն Արոնյանը Սան Պաուլուում ընթացող Մեծ սաղավարտի եզրափակչում հերթական պարտիան ավարտել է ոչ ոքի: Այս անգամ նա միավորները կիսել է նորվեգացի մրցակից Մագնուս Կարլսենի հետ:

Ֆաբիանո Կարուանը Իտալիայից հաղթել է Ֆրանցիսկո Վալյեհո Պոնսին Իսպանիայից, իսկ Սերգեյ Կարյակինը Ռուսաստանից ոչ ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ Հնդկաստանից:

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Կարուանը, Արնոյանը 6 միավորով 2-րդ տեղում է: Եռյակը եզրափակում է Կարլսենը 5 միավորով:

5-րդ տուրում հայ շախմատիստը կհանդիպի մրցաշարի առաջատար Ֆաբիո Կարուանի հետ, Անանդը՝ Կարլսենի, իսկ Վալյեհո Պոնսը՝ Կարյակինի:

Մեծ սաղավարտի եզրափակիչն անցնում է երկու մայրցամաքներում: Առաջին շրջանը մեկնարկել է Սան Պաուլուում սեպտեմբերի 24-29-ը, իսկ երկրորդը՝ Բիլբաոյում՝ հոկտեմբերի 8-13-ը:

Հաղթանակի դեպքում շախմատիստը վաստակում է 3 միավոր, ոչ ոքիի՝ 1 միավոր, պարտության դեպքում՝ 0 միավոր: