29 սեպտեմբերի 2012 - 10:46 AMT
ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպման հիմնական հարցերն էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և Դուբլինում կայանալիք՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները:

ՄԱԿ-ում ՀՀ մշատական ներկայցուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը` կառույցի նախագահ դեսպան Աարոն Յակոբի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասի տարաշրջանային զարգացումների, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ: Հայաստանի ԱԳ նախարարի և Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի զրույցի ժամանակ անդրադարձ արվեց ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Հայաստանի արտգործնախարարի և Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին: