29 սեպտեմբերի 2012 - 12:05 AMT
Սուրեն Մելքոնյան. Մհեր Մկրտչյանի արձանը միտումնավոր չեն ջարդել

«Գարնանն է սկսվել Երևանում տեղադրվող արձանների նախագիծը, որի գաղափարը պատկանում է քաղաքապետարանին: Եվ մենք որոշել էինք, որ պետք չէ փայտե նստարանների վրա բրոնզե արձաններ տեղադրել: Ես կարծում եմ, եթե մարդիկ ցանկանում են վնաս հասցնել արձաններին, ապա ինչից էլ այն պատրաստված լինի, կանեն: Կարծում եմ, որ Աբովյան փողոցում «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը միտումնավոր չեն վնասել, այդ դեպքում կարող էին գլուխը ջարդել, պարզապես երևի ցանկացել են նրա ձեռքից խլել տակառը և այն ընկել ու ջարդվել է»,- սեպտեմբերի 29-ին լրագրորղների հետ հանդիպման ժամանակ ասաց արձանի հեղինակ քանդակագործ Սուրեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ արձանն արդեն վերականգնել է և այն կվերադարձվի իր տեղը միայն այն դեպքում, երբ այդ տարածքում տեղադրվեն տեսախցիկներ. «Ինձ համար պարզ է մի բան, որ մարդիկ սիրել են այդ արձանները: Իսկ վնասի չափը ավելի շատ հոգեբանական է, քան`ֆինանսական, քանի որ ցավալի է, որ նման մարդիկ կան»:

Քանդակագործը նշեց, որ 15 օրվա ընթացքում Երևանում կտեղադրվեն ևս 7 արձաններ, որոնցից միայն երկուսի անունները նշեց, դրանք լինելու են գրող Պարույր Սևակի և շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանները: «Ես ամեն ինչ անում եմ, որ արձաններն ավելի հավաք լինեն, որպեսզի հնարավորինս դժվար լինի դրանց վնասել: Բոլորն էլ նախատեսված են տեղադրել այն վայրերում, որտեղ կան քաղաքապետարանի կողմից տեղադրված նոր նստարաններ, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան լուսանկարվել դրանց հետ»,- ավելացրեց նա: