22 մարտի 2005 - 11:11 AMT
ԷԴՈՒԱՐԴ ՌՈՍՍԵԼՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԻՄՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսսելի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ռուսաստանի 25 վարչական սուբյեկտների միջեւ առեւտրատնտեսական ակտիվ համագործակցություն է հաստատվել, համաձայնագրեր են ստորագրվել ՀՀ-ի եւ Մոսկվայի, Լենինգրադի, Սարատովի, Աստրախանի, Կիրովի մարզերի, ինչպես նաեւ Կրասնոդարի երկրամասի կառավարությունների միջեւ: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճում է եւ դա շնորհիվ նաեւ վարչական սուբյեկտների միջեւ համագործակցության: Էդուարդ Ռոսսելը ծանոթացրել է Սվերդլովսկի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ զարգացման հեռանկարներին` նշելով, որ Սվերդլովսկի մարզն առաջինն է Ռուսաստանում իրականացնում երկարատեւ զարգացման ծրագիր, որի կարեւոր բաղադրիչներից է համագործակցության խթանումը հարեւան պետությունների, այդ թվում` Հայաստանի եւ նրա մարզերի հետ: Նա առաջարկել է Հայաստանին Սվերդլովսկի մարզում հիմնել հայկական առեւտրի կենտրոն, կազմակերպել հայկական արտադրանքի ցուցահանդեսներ, ստեղծել համատեղ ձեռնարկություններ, ինչպես նաեւ հայկական կողմին հրավիրել է մասնակցելու մարզում ամեն տարի անցկացվող միջազգային տնտեսական համաժողովին: Ընդունելով նահանգապետի առաջարկությունը` Ա.Մարգարյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո կարելի է օգտագործել նաեւ Հայաստանի ու Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատների, Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի ներուժը: Զրուցակիցները նշել են նաեւ, որ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Հայաստան եւ Հայաստանում Ռուսաստանի տարվա պաշտոնական բացումը նոր խթան կհանդիսանա ռուս-հայկական հարաբերությունների հետագա խորացման համար: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են Արձանագրություն` ՌԴ Սվերդլովսկի մարզի պաշտոնական պատվիրակության Երեւան կատարած այցի արդյունքների վերաբերյալ, որտեղ նախանշված են առեւտրատնտեսական, արդյունաբերական եւ հումանիտար համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաեւ այդ համագործակցության իրականացման նպատակով միջկառավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: