1 հոկտեմբերի 2012 - 12:37 AMT
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն այցելել է Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Տիրզեն, սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր և ծաղիկներ դրեց ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին։, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Բունդեսթագի փոխնախագահն, ով առաջին անգամ է այցելում Հայաստան, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարեց «Պատվո հյուրերի» հուշամատյանում, նշելով. «Դատապարտում ենք Ցեղասպանությունն ու պարտավորվում խաղաղություն հաստատել և պաշտպանել մարդու իրավունքները»։

Վոլֆգանգ Տիրզեն լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց. «Գերմանական ժողովուրդը հիշում է 20-րդ դարում նաև տարբեր ժողովուրդների դեմ կատարված հանցագործությունները։ Գերմանիայի Բունդեսթագը 2005 թվականին իր որոշմամբ դատապարտել է հայ ժողովրդի ջարդերը և դիրքորոշում հայտնել այդ պատմական իրադարձությունների առնչությամբ։ Մենք կարծում ենք, որ այդպիսի պատմական իրադարձությունները պետք է արժանանան գնահատանքի և դատապարտվեն»: