1 հոկտեմբերի 2012 - 13:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գլխավոր դատախազ. Դատախազությունը բավարար ապացույցներ ունի Օսկանյանի կողմից խոշոր գումարներ յուրացնելու վերաբերյալ

Դատախազությունը բավարար ապացույցներ ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի կողմից զգալի ֆինանսական միջոցներ յուրացնելու վերաբերյալ, որոնք բարեգործական նպատակներով հանձնվել են «Սիվիլիթաս» հիմնադրամին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախաղ Աղվան Հովսեփյանը խորհրդարանում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ:

Գլխավոր դատախազի խոսքով, Օսկանյանը յուրացրել է «Սիվիլիթաս» հիմնադրամին տրամադրված ավելի քան 1 մլն դոլար, որը գտնվում է նրա անձնական հաշվի վրա: Հովսեփյանի խոսքով, ապացուցվել է, որ 181 հազար դոլարն Օսկանյանն օգտագործել է անձնական նպատակներով: Նա նաև նշել է, որ Օսկանյանը հրաժարվում է ցուցմունք տալ, բայց առկա են այլ վկաների և 2010-2012թթ. հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները:

Դրա հետ կապված գլխավոր դատախազը կոչ է արել պատգամավորներին բավարարել Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հայտը, որպեսզի նրան հնարավոր լինի խոշոր չափերի ֆինանսական միջոցներ յուրացնելու քրեական գործի մեջ ներգրավել որպես մեղադրյալ:

Ավելի վաղ HUNTSMAN BUILDING PRODUCTS ընկերությունն Օսկանյանի անձնական հաշվին փոխանցել է 1 մլն 427 հազար դոլար «Սիվիլիթաս» հիմնադրամի կարիքների համար: Ինչպես հայտարարել են հիմնադրամի ներկայացուցիչները, այդ գումարից 710 հազարն Օսկանյանն արդեն փոխանցել է հիմնադրամին: Գումարի մնացած մասը տոկոսների հետ` 810 հազար դոլար, բարեգործների ցանկությամբ մնում է Վարդան Օսկանյանի անձնական տնօրինության տակ:

ՖՈՏՈՇԱՐՔ