25 մարտի 2005 - 10:31 AMT
ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ՎԱՐՇԱՎԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄՈՏ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՅՑ ԿԱՆՑԿԱՑՎԻ
Ապրիլի 22-ին Վարշավայում Թուրքիայի դեսպանատան մոտ Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձի կապակցությամբ ցույց կանցկացվի: Այդ մասին «PanARMENIAN Network» գործակասլության թղթակցին տեղեկացրել է Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեզսկին: Նրա խոսքերով` մարտի 31-ին Վարշավայում կազմակերպվելու է դասախոսություն` նվիրված լեհական պետության քաղաքական եւ այլ ոլորտներում հայերի դերին: Ապրիլի 10-ին Վարշավայում կկայանա Լեհաստանի եւ Հայաստանի հոգեւոր ներկայացուցիչների հանդիպումը: Զալեզսկու խոսքերով` միջոցառումները կշարունակվեն ապրիլի 13-ին եւ 14-ին Լյուբլինում, իսկ ապրիլի 17-ին Կրակովի Սբ. Միկոլայի եկեղեցում, որի բակում, չնայած թուրք դիվանագետների ջանքերին, մեկ տարի առաջ կանգնեցվել է հայկական Խաչքար, կմատուցվի պատարագ` Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձի կապակցությամբ: Դրանից հետո հայկական երաժշտական դպրոցի աշակերտները ելույթ կունենան հյուրերի առաջ համերգային ծրագրով, որի կազմակերպիչը եւս Թադեուշ Իսահակյան-Զալեզսկին է: Միջոցառումները կավարտվեն մայիսի 22-ին Օլավի Սբ. Աստվածածնի եկեղեցում, որտեղ կմատուցվի հիշատակի պատարագ: