2 հոկտեմբերի 2012 - 12:49 AMT
Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման մեջ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած «Շվեյցարիա-Հայաստան» բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը՝ համանախագահներ Ուելի Լոյենբերգերի և Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեյցարիայի և Արցախի կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը Շվեյցարիան համարել է բարեկամ երկիր՝ բարձր գնահատելով նրա հավասարակշռված դիրքորոշումն ու մոտեցումները ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային գործընթացներում :

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ բազմակողմանի համագործակցության մեջ՝ այս գործընթացում առանձնակի կարևորելով խորհրդարանների միջև կայուն կապերի և գործնական հարաբերությունների հաստատումը:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի: Երկուստեք կարևորվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: