2 հոկտեմբերի 2012 - 14:11 AMT
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ. Եվրոպան պետք է հաղթահարի ճգնաժամն ամբողջական կազմով

Եվրոպան պետք է հաղթահարի ճգնաժամն ամբողջական կազմով, առանց Հունաստանի դուրս գալու, հոկտեմբերի 2-ին Երևանում ասել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեն «Ի՞նչ է նշանակում Եվրամիության ճգնաժամը Հայաստանի եվրոպական հեռանկարների համար» թեմայով քննարկման ժամանակ: Նրա խոսքով, այսօրվա դրությամբ դեռ չլուծված է մնում ճգնաժամի ծագման և նրա պատճառների մասին հարցը: «Չկա պատասխան այն հարցին` մեղավոր են բանկիրները, թե քաղաքական գործիչներն իրենց պետական պարտքի հետ, և հենց նրանք պետք է ընդունեն կառուցողական որոշումներ»,- ասել է նա: Այնուամենայնիվ, փորձագետի խոսքով, շուկայական գլոբալիզացիան իր բաց սահմաններով հակադրվում է ազգային սահմանների մեջ փակված քաղաքական որոշումներին:

Տիրզեն նաև հսկայական մարտահրավեր է տեսնում նրանում, թե կարող է արդյոք եվրոպական ժողովրդավարությունն իր արժեքներով հաղթահարել ճգնաժամը: Նա առաջարկում է եվրոպական խորհրդարաններին և կառավարություններին համախմբվել և աշխատել արժեքների սոցիալական մոդելի հիման վրա, որպեսզի կասկածի տակ չդնեն համաշխարհային ասպարեզում Եվրոպայի և միասնական արժույթի` եվրոյի տեղը:

Իր հերթին, ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը հավելել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը ծառայում է ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և զարգացմանը, իրավական դաշտի ձևավորմանը և ժողովրդավարական արժեքների կայացմանը: Դրա հետ կապված Արտակ Զաքարյանը հիշեցրել է, որ Հայաստանը 2012-ին արդեն ԵՄ-ից ստացել է 60 մլն եվրո «ավելին ավելիի փոխարեն» սկզբունքով և սպասում է ևս 15 մլն եվրո: Ավելին, նրա խոսքով, օրերս ստորագրվել են համաձայնագրեր Հայաստանին 43 մլն եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու մասին: