2 հոկտեմբերի 2012 - 14:52 AMT
Փոխվարչապետն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը` դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորությամբ:

Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինից:

Արմեն Գևորգյանն ու Ջոն Հեֆերնը քննարկեցին թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության հարցեր:

Հյուրերն արդյունավետ համարեցին Հայաստանում մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությունը` նշելով, որ տպավորված են վերջին տարիներին ոլորտում կատարված աշխատանքով և պատրաստակամ են աջակցել դրանց առավել բարելավմանը: Նշվեց, որ «ՀՀ-ում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման» ազգային ծրագրով նախատեսված աշխատանքները ճիշտ հունով են ընթանում, և անհրաժեշտ է հետևողական կերպով շարունակել դրանք: Ամերիկյան կողմը փոխվարչապետի ուշադրությունը հրավիրեց տվյալների առավել ճշգրիտ և ամբողջական հավաքագրման աշխատանքների, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պաշտպանության առավել արդյունավետ մեխանիզմների ներդրման հարցերի վրա:

Փոխվարչապետը նկատեց, որ ներկայումս նաև ուշադրություն է դարձվում աշխատանքային թրաֆիքինգի, երեխաների թրաֆիքինգի հետ կապված խնդիրներին: Մեծ է նաև երևույթի նկատմամբ հանրային վերահսկողությունը, և թրաֆիքինգի ցանկացած բացահայտ դեպք արձագանք է գտնում, լուսաբանվում լրատվամիջոցներով:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև ամերիկյան կողմի պատրաստած` երեխաների հարկադիր աշխատանքի մասին զեկույցի Հայաստանին վերաբերող մասին: Փոխվարչապետը նշեց, որ համապատասխան մարմիններին կհանձնարարի ուսումնասիրել զեկույցում բարձրացված հարցերը և կարևորեց նման զեկույցներում օբյեկտիվ և թարմ տվյալների օգտագործումը:

Նա նաև ներկայացրեց վերջին տարիներին երեխաների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները: