3 հոկտեմբերի 2012 - 10:23 AMT
«Ժողովուրդ». «Գողական օրենքները հարգող» ՀՀԿ-ական պատգամավորը

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին իրավապահներին հանձնելու որոշմանը կողմ է քվեարկել նաև ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Այս լուրը թերթի հետ զրույցում հաստատել է անձամբ Սեդրակյանը. «Ես կողմ եմ քվեարկել: Եվ դա եղել է իմ որոշումը»: Իհարկե, դրանում որևէ արտառոց բան չկա: Բայց ուշագրավն այն է, որ երբ պարզվեց` Օսկանյանին հանձնելուն դեմ է քվեարկել 6 հոգի, շատ ՀՀԿ-ականներ մտածում էին, թե նրանցից մեկն էլ Սեդրակյանն է: Իսկ այդպես մտածելու պատճառն էլ այն էր, որ այս պատգամավորը համարվում է «գողական օրենքները հարգող», «ճշտին նվիրված» անձնավորություն, որի սկզբունքների մեջ չի մտնում այս կամ այն մարդուն իրավապահներին հանձնելը: Այնինչ Սեդրակյանն անձամբ է որոշել իր գործընկերներին հանձնել իրավապահներին: Թերթը նշում է, որ ՀՀԿ-ականներից երեկ քվեարկությանը չմասնակցեցին պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Կարապետյանը, Ռուբեն Սադոյանն ու Արկադի Համբարձումյանը: