28 մարտի 2005 - 06:41 AMT
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ. ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՊԵՏՔ ՉԷ ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԿՆԿԱԼԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների իրական մերձեցում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ դեռեւս չկա եւ հարկավոր չէ լուրջ հաջողություններ ակնկալել հակամարտության կարգավորման գործում, ասել է Հայաստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նրա կարծիքով, Ադրբեջանը դիտարկում է հակամարտության կարգավորման հարցը իր տարածքային ամբողջականության համատեքստում, իսկ Հայաստանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը հասնի ինքնուրույնության: «Չմոռանանք, որ զինադադարի մասին պայմանագիրը ստորագրել են երեք կողմերը` Ադրբեջանը, Ղարաբաղը եւ Հայաստանը, ընդ որում Հայաստանը ստորագրել է փաստաթուղթը որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր»,-ասել է Գ.Իսագուլյանը: Ապրիլին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը, որը կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով 2004 թվականին սկսված «Պրահայի գործընթացի» շարունակությունը: