3 հոկտեմբերի 2012 - 13:00 AMT
«Թամարայի» իրացման ծավալները նվազել են 40 տոկոսով, երբ այն շփոթել են «Թամարա և Անի» ընկերության հետ

«Թամարա» ՍՊԸ-ի իրացման ծավալները նվազել են 40 տոկոսով այն բանից հետո, երբ նրա անունը շփոթել են «Թամարա և Անի» ՍՊԸ-ի հետ, որը վաճառում է «Սփրեդ»: Այդ մասին հոկտեմբերի 3-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է «Թամարա» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Պողոսյանը:

Ընկերության «բարի անվանը» որոշել է աջակցել Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, քանի որ «Թամարա» ՍՊԸ-ի ղեկավարությունը նամակով դիմել է ՀԿ` նպատակ ունենալով սպառողների մոտ ցրել բոլոր կասկածներն ընկերության կողմից արտադրվող արտադրանքի վերաբերյալ: «Մենք անցկացրել ենք լաբորատոր փորձաքննություն, և ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ «Թամարա» ընկերությունն արտադրում է որակյալ արտադրանք, որը նույնիսկ արտահանվում է»,- ասել է նա:

Բանն այն է, որ 2012-ի սեպտեմբերի 27-ին lurer.com լրատվական կայքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության մեջ, որում կոչ է արվել չօգտագործել «Թամարա», «Անի» և «Դուստր Մարիաննա» ընկերությունների արտադրանքը, տեղ է գտել է խմբագրական սխալ և անճշտություն:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելք է դրել «Անի» ապրանքանիշի սփրեդի վրա, որն արտադրվում է «Թամարա և Անի» ՍՊԸ-ի կողմից, որը գտնվում է Զովունի գյուղում: Դա ոչ մի կապ չունի Հայաստանում և արտասահմանում հայտնի «Թամարա» ՍՊԸ-ի հետ:

Դրա հետ կապված lurer.com կայքը ներողություն է խնդրել «Թամարա» ընկերությունից, սպառողներից և ընթերցողներից կայքում հայտնված անճշտության համար, սակայն դրանից զգալի չափով տուժել է ընկերությունը: «Իրացման ծավալներն աստիճանաբար վերականգնվում են, քանի որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է կատարվում»,- ասել է Խաչատուր Պողոսյանը:

1988թ. Կոտայքի մարզում հիմնված «Թամարա» ՍՊԸ-ն երբեք չի զբաղվել սփրեդի արտադրությամբ և իրացմամբ: Ընկերությունում, մասնավորապես, արտադրվում են յոգուրտներ, մածուն, կաթ, պաղպաղակ, թթվասեր, կաթնաշոռ, թխվածքաբլիթ, հրուշակեղեն: