3 հոկտեմբերի 2012 - 13:34 AMT
Հայաստանը Դելփյան խաղերից վերադարձել է 7 մրցանակով

Սեպտեմբերի 24-29-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից երկրների «Երիտասարդների ավյունը» խորագիրը կրող երիտասարդական 7-րդ բաց Դելփյան խաղերից Հայաստանը բերել է 7 մրցանակ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Պողոսյանը նշեց, որ Հայաստանում նախարարությունը ծրագրում է կազամակերպել Նավասարդյան խաղեր, որոնց հաղթողները կմասնակցեն Դելփյան խաղերին:

Խաղերին մասնակցել է ավելի քան 20 երկրի 700 մասնակից: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանը ներկայացրել են 9 մասնակից 6 անվանակարգերում` դասական երգեցողություն, դաշնամուր, կերպարվեստ, սաքսոֆոն, դասական պար, կրկես: Հայ շնորհալիների ակտիվ մասնակցության արդյունքում Հայաստանը նվաճել է հետևյալ մրցանակներն ու մեդալները` 1-ին մրցանակ - Մանե Գալոյան` «Դասական երգեցողություն», 1-ին մրցանակ - Քրիստինա Հարության` «Դասական պար», 2-րդ մրցանակ -Արամ Պողոսյան` «Սաքսոֆոն», 2-րդ մրցանակ - Արմեն Սարգսյան` «Կրկես» (օդային ակրոբատիկա), 3-րդ մրցանակ - Տիգրան Օհանյան`«Դասական երգեցողություն», 3-րդ մրցանակ - Լևոն Մանասերյան`«Դաշնամուր», դիպլոմ - Դավիթ Սահակյան`«Կերպարվեստ»:

Հայաստանյան ժյուրիի կազմում ընդգրկված էին Արմեն Բաբախանյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան), Արմեն Գրիգորյանը (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, համամիութենական մրցույթի դիպլոմանտ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն), Սուսաննա Մարտիրոսյանը (միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր), Ավետիս Գինոսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան Գ. Գինոսյանի անվան կրկեսային համույթի գեղարվեստական ղեկավար):