3 հոկտեմբերի 2012 - 13:47 AMT
Հոկտեմբերի 8-15-ը Հայաստանում «Կրթության որակի շաբաթ» է

Մյուս շաբաթը Հայաստանում հայտարարված է «Կրթության որակի շաբաթ»: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսում նշեց «Մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, «Կրթության որակի շաբաթվա» շրջանակներում հոկտեմբերի 8-ին և 9-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների երկրորդ համաժողովը: «Մենք համաժողովը կազմակերպել ենք ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության, Համաշխարհային բանկի և Ծրագրերի իրականացման գրասենյակի մասնակցությամբ: Համաժողովի հիմնական նպատակներից է խթանել որակի ապահովման վերաբերյալ երկխոսությունը ՈԱԱԿ-ի շահակիցների շրջանում, տարածել տեղեկատվություն ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում որակի ներքին և արտաքին ապահովման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել ապագայի մարտահրավերները և բացահայտել ՀՀ-ում կրթության որակի ապահովման բարելավման հնարավորությունները»,- տեղեկացրեց նա` հավելելով, որ կրթության որակի բարձրացման գործընթացի մեկնարկը տրված է, սակայն այն չի կարող վերջ ունենալ:

Թոփչյանը նշեց, որ Հայաստանի Ագրարային համալսարանը, Գլաձորի համալսարանը և Հյուսիսային համալսարանն արդեն ներկայացրել են ՈԱԱԿ-ին իրենց աշխատանքների վերլուծությունը, իսկ մինչև տարեվերջ նույնպիսի վերլուծություններ կներկայացնեն նաև Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի պետական համալսարանն ու Բժշկական համալսարանը: «Այդպիսի բուհ չկա, որ չխոսի կրթության որակի խնդիրների մասին և քայլեր չձեռնարկի դրանք լուծելու ուղղությամբ: Կարևորը` բուհը գիտակցի իր խնդիրները»,- ընդգծեց նա:

«Մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Քաղաքականության մշակման և իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանն իր հերթին ասաց, որ համաժողովը կհամախմբի ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների, որակի ապահովման փորձագետների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, որակի ապահովման գործընթացներում ներգրավված անձանց և այլ շահակիցների: «Բացի այդ, «Կրթության որակի շաբաթի» շրջանակում կիրականացվեն վերապատրաստումներ Որակի արտաքին ապահովման` հավատարմագրման գորխընթացներում ներգրավված փորձագետների, ինչպես նաև դասախոսաական կազմի, վարչական աշխատակազմի և ուսանողների հետ»,- ասաց Կարախանյանը:

«Մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավ ար Անուշավան Մակարյանը շեշտեց, որ գործընթացի մեջ արդեն 20-ից ավելի բուհեր են ներգրավվել: «Բուհերի 95%-ը հայտնել է, որ պատրաստ է մինչև 2013թ. ավարտը ներկայացնել իրենց կառավարման աշխատանքների վերլուծությունը` կրթության որակի ապահովմամբ քայլերը նախանշելու և իրականացնելու համար»,- նշեց նա: