Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Միշա Վանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա կոռուպցիոն դրսևորումները: «Մեր այսօրվա խորհրդակցության հրատապությունը պայմանավորված է հաշմանդամության ոլորտում տիրող իրավիճակով: ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայությունը բոլոր մարզերում ուսումնասիրություն է իրականացրել, թե ինչպես են այսօր Հայաստանում ստանում հաշմանդամության այս կամ այն աստիճանը: Մենք հանդիպել ենք զարհուրելի դեպքերի և փաստերի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը զեկուցել է, որ բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ, ընդ որում՝ ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձևը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000 դրամ:

ՀՀ վարչապետի Վերահսկողական ծառայության պետի խոսքով՝ հաշմանդամության հիմնականում 3-րդ խումբ հնարավոր է ձեռք բերել մեկ ամսվա թոշակի չափով վճարում կատարելու միջոցով: Այս դեպքերում «գործարքն»իրականացվում է անձնագրի կամ աշխատանքային գրքույկի միջոցով գումարի փոխանցման ճանապարհով: «Հաշմանդամության կարգ չստացած դիմումատուների հարցումների արդյունքում պարզվեց, որ մի շարք դեպքերում դիմումատուները հաշմանդամ չեն ճանաչվել «պահանջվող գումարները» չվճարելու պատճառով: Ընդ որում, քաղաքացիները նշում են, որ ԲՍՓՀ անդամներից մեկը սովորաբար անուղղակի կերպով մատնանշում է«ապօրինի գումարով» հաշմանդամության ստացման հնարավոր ուղին»,- ասել է Սարգիս Գրիգորյանը:

«Հարգելի գործընկերներ, դուք տեսնում եք, որ մենք լայնածավալ աշխատանքներ ենք սկսել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Ընդ որում բազմիցս հայտարարել ենք, որ մեր ուշադրության կենտրոնում առաջին հերթին գտնվում են այն ոլորտները, որտեղ պետությունը ծառայություններ է մատուցում հազարավոր քաղաքացիների: Քաղաքացիները մեր և ձեր մասին պատկերացում են կազմում չինովնիկի հետ տեղերում շփվելով:

Այժմ վերահսկողական ծառայությունն ինձ զեկուցում է, որ հաշմանդամության խումբ ստանալու ոլորտում կաշառակերությունը համատարած է: Համակարգում կան բացառություններ, պարկեշտ աշխատողներ, մի քանի մարզերում մենք հանդիպել ենք այդպիսի դեպքերի, բայց դա օրինաչափություն չէ:

Տարեկան 65-70 հազար քաղաքացի առնչվում է այս կոռուպցիոն ռիսկերի հետ: Բժշկական հիմնարկին 15000-20000 դրամ են տալիս, որպեսզի տեղեկանք ստանան, հանձնաժողովում ևս նույնքան են վճարում, եթե դա չանեն, ապա մարդու հաշմանդամության խումբը չեն վերանայելու: Այդ 65 հազար մարդը մեր մասին, կոնկրետ ձեր նախարարության մասին ի՞նչ պատկերացում են կազմելու, չե՞ն ասելու, որ բոլորն էլ գիտեն, ուղղակի լռում են:

Բոլորդ փորձառու մասնագետներ եք, ինչո՞ւ չեք ահազանգում, չէ՞ որ կառավարությունն այս խնդիրը դրել է: Դա ինձ ուղղակի զայրացնում է, և սա հանդուժել չի կարելի: Առաջին հերթին անհրաժեշտ են կադրային փոփոխություններ: Ես պահանջում եմ ձեզնից, պարոն նախարար, անհապաղ իրականացնել կադրային փոփոխություններ: Ծառայության ղեկավարը, ով տարիներ շարունակ առնչվում է այս ռիսկերին ու մեկ անգամ չի ահազանգել, անհապաղ պետք է հեռացվի աշխատանքից: Ազատվեք այդ մարդկանցից, որպեսզի մեզ հավատան: Բազմաթիվ ազնիվ և պարկեշտ մարդիկ կան, ովքեր ցանկանում են աշխատել: Հենց այսօր ես Ձեզնից կադրային փոփոխություններ եմ սպասում»,- նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` ծանոթանալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության նյութերին և բոլոր այն կետերում, որտեղ կան կաշառակերության դեպքեր, իրականացնել կադրային փոփոխություններ:

Արտեմ Ասատրյանն ի գիտություն է ընդունել վարչապետի հանձնարարականը և նշել, որ բացահայտված դեպքերի առնչությամբ կիրականացվի ծառայողական քննություն, իսկ նյութերը կներկայացվեն իրավապահ մարմիններին:

Ինչ վերաբերվում է իր պաշտոնից ազատվելուn, ապա Միշա Վանյանը հայտարարել է, որ աշխատում է այս ոլորտում արդեն 10 տարի և հիմա կարող է տեղը զիջել երիտասարդ կադրերին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---