3 հոկտեմբերի 2012 - 14:49 AMT
Գալյա Նովենցի մասին ֆիլմի աշխատանքները ավարտվում են

Ավարտին են մոտենում Գալյա Նովենցի մասին ֆիլմի աշխատանքները: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց ֆիլմի հեղինակ, «ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը: «Գարնանը, երբ դերասանուհին կրկին Երևանում էր, հասցրեցի հանդիպել և վերջին անգամ զրուցել նրա հետ: Ֆիլմը հենց այդ հանդիպման և այլ արխիվային նյութերի հիման վրա է պատրաստվել: Ֆիլմը «Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարի հերթական կարճամետրաժ ժապավենն է»,- նշեց նա` հավելելով, որ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջ:

«Խոսիր ինձ հետ» ֆիլմաշարի մաս են կազմում նաև Հրանտ Մաթևոսյանի, Հովհաննես Չեքիջյանի և այլ մեծերի մասին ավելի քան 7 ֆիլմերը, ինչպես նաև «Արմեն Ջիգարխանյան» ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա այսօր:

Դրա հետ մեկտեղ Շառոյանը տեղեկացրեց, որ մինչև տարվա վերջ պատրաստ կլինի նաև բամբիռի և փամբիռի մասին վավերագրական ֆիլմը, որը «ՀայART» մշակութային կենտրոնի «Հնագույն նվագարաններ» ֆիլմաշարի հերթական աշխատանքն է: