28 մարտի 2005 - 08:43 AMT
ԵՐԵՎԱՆԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՖԻԼԻՊ ԿԻՐԿՈՐՈՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ
Երեւանի քաղաքապետարանը չի հրավիրել Ֆիլիպ Կիրկորովին, այսօր լրագրողներին է հայտնել փոխքաղաքապետ Արման Սահակյանը: Նրա խոսքերով, ռուսաստանցի կատարողին հրավիրել է «Մանուկյան» ՓԲԸ-ն, իսկ քաղաքապետարանը, ինչպես դա ընդունված է, աջակցում է համերգին: Ինչպես նշել է Ա.Սահակյանը, Երեւանում այս կամ այն երգչի համերգի կազմակերպման թույլտվության հարցը այն հարցը չէ, որը կարելի է քաղաքականացնել: «Դա մշակութային հարց է»,-նշել է նա: Ինչ վերաբերվում է համերգի խոչընդոտմանը, այդ հարցում քաղաքապետարանը իրավասու չէ: Ավելին, նկատի ունենալով այն փաստը, որ այս տարին Հայաստանում հայտարարված է Ռուսաստանի տարի, «հարկ է ակնկալել շատ ռուսաստանցի կատարողների այցեր, որոնց մայրաքաղաքի իշխանությունները պարտավոր են աջակցել»: Հարկ է նաեւ նշել, որ Կիրկորովի համերգի տոմսերի 20-30 տոկոսը արդեն վաճառվել է: Հիշեցնենք, որ Մայրության եւ գեղեցկության օրվա կապակցությամբ Ֆիլիպ Կիրկորովը համերգով հրավիրվել էր Երեւան: Այդ առնչությամբ Հայաստանի մոտ 30 երիտասարդական կազմակերպություններ բողոքի նամակ են հղել Ֆիլիպ Կիրկորովի համերգի կազմակերպիչներին: Նամակում հեղինակները կոչ են արել թույ չտալ համերգի անցկացումը: Որպես հիմնավորում ուղերձում նշվում է այն փաստը, որ Կիրկորովը ունի ակնհայտ հակահայկական եւ նույնիսկ թուրքամետ դիրքորոշում եւ, բացի այդ, վերջերս հրապարակայնորեն վիրավորել էր հայ լրագրողուհուն` քամահրանքով նշելով նրա ազգային ծագումը: Բողոքի նախաձեռնողները գտնում են, որ թուրքական երգեր քարոզող երգչի հրավերը Հայաստան Հայոց ցեղասպանության 90-ամյակի նախօրեին անբարոյական քայլ է: Համերգից ակնկալվող հասույթը անհամատեղելի է բարոյական արժեքների հետ, ինչպիսիք են ազգային եւ մարդկային արժանապատվությունը: Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները նշել են, որ այն դեպքում, եթե Կիրկորովի համերգը չեղյալ չհայտարարվի, նրանք իրենց իրավունք են վերապահում դիմել գործնական քայլերի համերգը թույլ չտալու նպատակով: