28 մարտի 2005 - 08:55 AMT
ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻ ՀԱՅԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԴՊՐՈՑ ՈՒՂԱՐԿԵԼ
Մարտի 22-ի երեկոյան Նովոռոսիյսկում տեղի ունեցած իրադարձությունները կարելի է միանշանակ բնութագրել որպես ջարդ քաղաքի առանձին շրջանում: Այդ մասին հայտարարել է հայկական մշակույթի «Լույս»ընկերության քաղաքային վարչության անդամ, Նովոռոսիյսկի ազգային համայնքների համակարգող Ալլա Պարցիկյանը, հաղորդում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը: Նա նաեւ հաստատել է այն տեղեկատվությունը, ըստ որի հակամարտության պատճառ է հանդիսացել մարտի լույս 22 գիշերը կատարված միջադեպը քաղաքի սրճարաններից մեկում, որտեղ տարեդարձը նշող հայ եւ հույն երիտասարդների խմբին մոտեցել են կազակներ եւ ծեծկռտուքի արդյունքում կազակների ատամանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ: Սակայն, այդ միջադեպը, որը կենցաղային բնույթի էր, օգտագործվել է կազակների կողմից հակահայկական կրքեր բորբոքելու համար: Նույն աղբյուրի խոսքերով, մարտի 22 -ի երեկոյան կազակների ներկայացուցիչները Կրասնոդարի մարզի տարբեր շրջաններից եկել են Նովոռոսիյսկ եւ անկարգություններ արել սրճարանի մոտակայքում` ջարդվել է մի քանի մեքենա, սրաճարնների եւ խանութների ցուցափեղկեր, ծեծվել է մի քանի մարդ: Հայտնի է, որ միջադեպերի փաստով քրեական գործ է հարուցվել ՔՕ երկու հոդվածներով` 111 (Մարմնական ծանր վնասվածքների հասցնում) եւ 213 («Խուլիգանություն»): Չնայած այն բանին, որ ըստ Ա.Պարցիկյանի, մեղավորները կպատժվեն, քանի որ եւ քաղաքաի վարչակազմը եւ իրավապահ մարմինները խիստ միջոցներ են կիրառել հակամարտության ծավալումը կանխելու համար, Նովոռոսիյսկի հայերը մտահոգված են եւ մինչ այժմ զանգահարում են «Լույս» ընկերություն` հարցնելով կարելի է արդյոք երեխաներին դպրոց ուղարկել: Ըստ «Երկրամաս» թերթի տեղեկատվության, այսօր Նովռոսիյսկում տեղի կունենա Կրասնոդարի մարզի հայ համայնքի, կազակության ներկայացուցիչների, իրավապահ մարմինների եւ քաղաքային իշխանությունների համատեղ հանդիպումը: Նշենք, որ Նովոռոսիյսկի ներկայիս ղեկավար Վլադիմիր Սինյագովսկին այդ պաշտոնում փոխարինելով Վալերի Պրոխորենկոյին, որի հանդեպ քրեկան գործ էր հարուցվել, իր պարտականությունների կատարմանն է անցել 2002 թ. նոյեմբերին: Մինչ այդ Վլադիմիր Սինյագովսկին հանդիսանում էր Սլավյանսկ-նա-Կուբանի աշխատակազմի ղեկավարը, որտեղ 2002 թ. նույնպես հայերի ջարդ է եղել: