4 հոկտեմբերի 2012 - 11:32 AMT
Մեկնարկեց լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը

Աշխարհի տարբեր երկրներում ապրող և աշխատող հայ լրագրողները հոկտեմբերի 4-ից 6-ը կմասնակցեն լրագրողների 6-րդ համահայկական համաժողովին: Համաժողովի մեկնարկն ազդարարվեց ազգային հիմնով, ընթերցվեցին ՀՀ և ԼՂՀ նախագահների ուղերձները և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մեծն Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությունը:

Համաժողովին ներկա Նյու Յորքի «Սփյուռքի ձայնը» հեռուստատեսության գլխավոր տնօրեն Կարինե Քոչարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ այս համաժողովի ժամանակ նպատակ ունի նոր համագործակցություններ սկսել՝ Հայաստան և արտերկիր կապը մեծացնելու համար.

«Այսօր հայ լրագրողները, որտեղ էլ որ ծավալում են իրենց գործունեությունը, պատասխանատվության խնդիր ունեն: Մի վրիպակը, որ հնարավոր է թույլ տան, այսպես թե այնպես կանդրադառնա Հայաստանի միջազգային հեղինակության վրա:

Մենք շատ տարբեր ենք, բայց մեր համատեղ խնդիրները մեզ միացնում են»:

Կեսօրին համաժողովի մասնակիցները կայցելեն Ցեղասպանության հուշահամալիր, ապա կմեկնեն Աղավնաձոր, որտեղ էլ կշարունակեն աշխատանքները: