4 հոկտեմբերի 2012 - 17:08 AMT
Ստեփան Սաֆարյան. ԲՀԿ-ն պետք է ընտրությունների գնա Գագիկ Ծառուկյանի թեկնածությամբ

«Բարգավաճ Հայաստանի» համար ստեղծված իրավիճակում նախապատվելի կլինի նախագահական ընտրությունների գնալ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությամբ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

Ըստ նրա, դա թույլ կտա ԲՀԿ-ին խուսափել ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունից, այնպես էլ քոչարյանական քաղաքականությունից, որի մարմնացումն է Վարդան Օսկանյանը:

Սաֆարյանը նշել է նաև, որ նույնիսկ եթե ԲՀԿ և ՀՀԿ միջև կա իրական դիմակայություն, վտանգ կա, որ Ծառուկյանը ընդդիմադիր ընտրազանգվածի մի մասն իր կողմը կքաշի, ինչպես դա տեղի ունեցավ խորհրդարանական ընտրություններում:

Սաֆարյանը նաև համաձայն չէ այն տեսակետին, որ Վարդան Օսկանյանը կարող է լինել ԲՀԿ թեկնածուն նախագահական ընտրություններում: ՀԱԿ և «Ժառանգության» աջակցությունն Օսկանյանին նա բացառել է՝ կարծիք հայտնելով, որ ՀՅԴ-ն, Քոչարյանի հանդեպ իր ողջ համակրանքով հանդերձ, դժվար թե սատարի նրա թեկնածությանը:

ՀԱԿ-ի կողմից Օսկանյանին աջակցելու հավանականության մասին Սաֆարյանն ասել է. «Ծանոթ լինելով Տեր-Պետրոսյանի բնավորությանը, չեմ կարծում, որ նա կների Օսկանյանին մարտի 1-ը»: