4 հոկտեմբերի 2012 - 18:26 AMT
Գալիք տարվանից ադրբեջանական բուհերը կամիկաձեներ կպատրաստեն

Հավանաբար, հաջորդ տարվանից Ադրբեջանի բուհերում կվերսկսվեն «զինվորական պատրաստության» պարապմունքները, հայտարարել է Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Աբել Մագերամովը, հայտնում է ադրբեջանական Vesti.az.-ը:

Ռազմական փորձագետ, գնդապետ-լեյտենանտ Ուզեիր Ջաֆարովն իր հերթին հայտարարել է, թե «ժամանակին ռազմական ամբիոնների վերացումը սխալ որոշում էր: Ուրախալի է, որ այժմ նորից մտածում են այդ մասին: Այդ ամբիոնները մեծ օգուտ էին բերում ուժային կառույցների կադրային ներուժին: Հարկավոր է օգտագործել ԱՊՀ շատ երկրների բուհերում կիրառվող մեթոդներն ու փորձը: Ցավոք, որոշ ամբիոններում սպաները թերանում էին իրենց պարտականությունների կատարման մեջ, ոսւտի հանրության շրջանում տպավորություն էր ստեղծվել, որ այդ ամբիոնները պետք չեն»,-ասել է փորձագետը:

«Պատկերացրեք, որ բուհ ավարտած ուսանողը, զորակոչվելով բանակ, չգիտի նույնիսկ, թե ինչպես է պետք օգտվել Կալաշնիկովի ինքնաձիգից: Ուսանողներից ոմանք ցանկանում են հետագայում սպաներ դառնալ: Պետությունը հսկայական գումարներ է հատկացնում նրանց պատրաստականության համար, իսկ չէ որ կարող էր նախապատրաստել բուհերում: Այդ ամբինները մեծ օգուտ կբերեն»,-ասել է Ջաֆարովը:

Իր հերթին միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը հիշեցրել է, որ «խորհրդարանում բազմիցս արծարծվել է այդ հարցը»: «Ուսանողը պետք է պատրաստ լինի ծառայության, հատկապես, ռազմաճակատում: Պատերազմը Ղարաբաղում անխուսափելի է, իսկ նշանակում է անխուսափելի են արյունը, մարտերը, զոհերը և այլն: Այս ամենին պետք է պատրաստ լինել»,-ասել է պատգամավորը:

Հավանաբար, Ադրբեջանի համար բավական չէ այն «թնդանոթային միսը», որ պատրաստվում է դիպուկահարների ու դեսանտայինների դպրոցներում: Այժմ կամիկաձեների շարքերը կհամալրեն ուսանողները: Դժվար է հավատալ, որ Բաքվում չեն հասկանում, թե նոր պատերազմի դեպքում էլ առաջինը կրակի տակ կհայտնվի հենց նոր սերունդը այն ժողովրդի, որը երբեք պատերազմել չի կարողացել: Հակառակը, Բաքվում հիանալի գիտակցում են, որ, առանց վարանելու, անխուսափելի մահվան կուղարկեն իրենց երիտասարդներին՝ փորձելով գոնե քանակով փոխարինել սեփական բանակի որակի բացակայությունը: