5 հոկտեմբերի 2012 - 09:52 AMT
«Հայկական ժամանակ». Բյուջետային ուղերձի մեծ մասը copy-paste էր

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ 2013-ի պետական բյուջեի նախագծի բյուջետային ուղերձի մեծագույն մասը copy-paste է արված 2012 թվականի բյուջետային ուղերձից, սա էլ՝ 2011–ի ուղերձից և այլն: Բայց, այնուամենայնիվ, կան որոշ փոփոխություններ: Այդպիսի փոփոխություններից մեկը «արտաքին քաղաքականություն» բաժնում է:

2012 թ–ի բյուջետային ուղերձում որպես ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն նշված էր հետևյալ կետը. «Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը»: 2013–ի պետբյուջեի նախագծի ուղերձում այդ դրույթն այլևս բացակայում է: Ինչո՞ւ է հանվել` երեկ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել է թերթի թղթակիցը: «Ինչպե՞ս թե հանվել է, չի հանվել»,- զարմացել է փոխնախարարը: Երբ մեր թղթակիցը պնդել է, որ հանվել է, Շավարշ Քոչարյանն էլ պնդել է. որ «անկախ դրանից` հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորումը մեր արտաքին քաղաքականության գերակայոթյուներից է»:

Այսպիսով հարցեր են ծագում` եթե առաջնահերթություն է, ապա ինչո՞ւ է հանվել, ո՞վ է hանել և ինչո՞ւ ԱԳ փոխնախարարը տեղյակ չէ դրանից: