5 հոկտեմբերի 2012 - 12:30 AMT
Հայ վարորդները կկարողանան աշխատանքային վիզաներ ստանալ Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը

Թուրքիայի ԱԳՆ-ն դրական եզրակացություն է տվել հայ վարորդներին Թբիլիսիի թուրքական դեսպանատանը աշխատանքային վիզաների տրամադրմանը, ասել է USAID-ի «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» ծրագրի տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը Երևանում ընթացող հայ-թուրքական գործարար համաժողովի շրջանակներում: «Երկու օր առաջ մեզ տեղեկացրեցին, որ թուրքական կողմը դրական եզրակացություն է տվել հայ վարորդներին Թբիլիսիի թուրքական դեսպանատանը աշխատանքային վիզաների տրամադրմանը»,-ասել է նա: Ըստ նրա, այլընտրանք կարող է լինել արտոնագրերի հանձնումը հայ վարորդներին Թուրքիայի հետ սահմանին:

Համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը USAID-ի «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» ծրագրի շրջանակներում: Համատեղ համաժողովների կազմակերպման գործընկեր է հանդես գալիս նաև Բիզնեսի զարգացման հայ-թուրքական խորհուրդը (TABDC):

ՀԱԳՄ-ն հրավիրել է շուրջ 50 ձեռներեցների Արևմտյան Թուրքիայի շրջաններից, որոնք ներկայացնում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են թեթև արդյունաբերությունը, նավթային արդյունաբերությունը, շինարարությունը, ռեստորանային բիզնեսը, առողջապահությունը, ոսկերչությունը: Համաժողովի մասնակիցները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը, ինչպես նաև հեռանկարները, կամփոփեն հաջողված գործարար համագործակցությունը:

Թուրքիա արտահանման ապրանքների թվում Արթուր Ղազարյանը նշեց շինանյութը, մասնավորապես, քարը, ինչպես նաև կարող է արտահանվել ջուր, ծխախոտ և այլն:

Ավելի վաղ ասվել է, որ Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկում հայ վարորդներին մուտքի արտնոգրեր տրամադրելու համար՝ մինչև Տրաբզոն բեռների փոխադրման համար: ՍԾՏՀ շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան կարող են 200 բեռնատար կիրառել, սակայն 2011թ. հաջողվել է թույլտվություն ստանալ միայն երկուսի համար, որոնք պատկանում էին TIR ընկերությանը, այն էլ բազմաթիվ դժվարություններից հետո: Ըստ թուրքական օրենսդրության, հայկական բեռնատարի վարորդը տարանցիկ փոխադրման թույլտվություն ստանալու համար պետք է դիմի դեսպանատուն, որը Հայաստանում չկա: Այդ երկուսի դեպքում մուտքի արտոնագրերը մեծ դժվարությամբ ձևակերպվեցին ուկրաինական կողմի աջակցությամբ:

Հայաստանի և Թուրքիայի փոխադրողները շահագրգռված են այդ ուղղությամբ, քանի որ այն շահավետ է: Տրաբզոնի նավահանգիստն իրական այլընտրանք է վրացական Փոթիին՝ դա թույլ կտա ծախսերը կրճատել 600 դոլարով: Հայաստանը միացել է Բեռների միջազգային փոխադրման մաքսային կոնվենցիային TIR Convention-ի կիրառմամբ 1993թ. դեկտեմբերի 8-ին, իսկ Թուրքիան 1994թ. նոյեմբերի 12-ին:

Պայմանավորվող կողմերը, ցանկանալով աջակցել բեռների միջազգային փոխադրումների դյուրացմանը ճանապարհային տրանսպորտային միջոցներով, համարելով, որ բեռնափոխադրումների պայմանների բարելավումը համագործակցության զարգացման էական գործոններից է, արտահայտվել են վարչական, սահմանային ձևերի դյուրացման օգտին: Այն մասին, որ Տրաբզոնը պատրաստ է սպասարկել հայկական բեռները ավելի վաղ հայտարարել էր նավահանգստի պետ Մուզաֆեր Էրմիշը: Ըստ նրա, եթե թուրքական կառավարությունը համաձայնվի, նավահանգիստը պատրաստ է սպասարկել բեռնափոխադրումները Հայաստանից և դեպի Հայաստան: Էրմիշը գտնում է, որ դրանից կշահեն և Թուրքիան, և Հայաստանը:

«Հայաստանը Փոթիով այժմ իրականացնում է 7,5 մլրդ դոլարի ներկրում և արտահանում: Երևանից Տրաբզոն կարելի է հասնել օրվա ցանկացած ժամին: Տրաբզոնից մինչև Ալիջան՝ Հայաստանի հետ սահման, 40 կմ է, իսկ այնտեղից Երևան՝ ընդամենը 30 կմ: Մեր նավահանգիստը պատրաստ է նման բեռնափոխադրումների ծավալին»,-ասել է նավահանգստի տնօրենը՝ նշելով, որ այժմ Տրաբզոնի նավահանգիստն աշխատում է իր հզորության 25 տոկոսով: