5 հոկտեմբերի 2012 - 14:20 AMT
Ջերմուկում մեկնարկել է Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը

Ջերմուկում այսօր աշխատանքը սկսեց Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է` ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների մասնակցությամբ:

Համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ և հավակնում է դառնալ ամենամյա: Առաջին համաժողովն անցկացվել էր անցած տարի` Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Համաժողովի լիագումար նիստում բացման խոսքով հանդես եկավ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` նշելով, որ համաժողովն արդեն դառնում է ավանդական ու ևս մեկ հնարավորություն է ընձեռում միասին քննարկել գյուղական համայնքների զարգացման հետ կապված խնդիրները: «Այս տարի համաժողովի օրակարգում ներառել ենք ՏԻ ոլորտի համար այն առաջնահերթ խնդիրները, որոնք կարևորվում են նաև կառավարության կողմից»,-ասաց փոխվարչապետը: Նա հաջողություններ մաղթեց մասնակիցներին` ակնկալելով նաև ակտիվ քննարկումներ թեմատիկ աշխատանքային խմբերում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ նման երկխոսության ձևաչափը կառավարությանը հնարավորություն է տալիս ճշգրտել առաջնահերթությունները` համայնքների և տարածքային համաչափ զարգացման հարցում, որը հռչակվել է կառավարության հինգ գերակա խնդիրներից մեկը: Տ. Սարգսյանը ընդգծեց, որ համաժողովի ընթացքում արված առաջարկությունները և հարցադրումները գտնվելու են ուշադրության կենտրոնում, և նախարարությունները հաշվի են առնելու դրանք` համապատասխան ծրագրեր մշակելիս:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը` անդրադառնալով կազմակերպության կողմից տեղական ինքնակառավարման ոլորտում և համայնքներում իրականացվող ծրագրերին: Նա տեղեկացրեց, որ տեղական մակարդակում տնտեսական և քաղաքական զարգացմանն ուղղված նախաձեռնություններն առաջիկա հինգ տարիներին ևս ներառված կլինեն ՄԶԳ ծրագրերում: Գրասենյակի ղեկավարը նաև հայտնեց, որ ՄԶԳ-ն պատրաստվում է սկսել համայնքների, հատկապես` հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր: «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ալեքս Սարդարն իր ելույթում ծանոթացրեց «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակում կատարված աշխատանքներին և ներկայացրեց գյուղական համայնքների զարգացման վերաբերյալ իրենց մոտեցումները: Ըստ նրա` հարակից համայնքներում առկա ռեսուրսները միավորելը միակ ուղին է, որհնարավորություն կտա համայնքներում ապահովել ամենակարևոր ծառայությունների մատուցումը: Ելույթով հանդես եկավ նաև Շիրակի մարզի Ախուրիկ գյուղական համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանը`խոսելով վերջին տարիներին համայնքում իրականացված աշխատանքների, համայնքի զարգացման ծրագրերի մասին: Լիագումար նիստից հետո կմեկնարկեն թեմատիկ վեց խմբերի աշխատանքները, որոնց ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի ամենաարդիական խնդիրները` տեղական ժողովրդավարությունից մինչև համայնքներում հանրային ու մասնավոր հատվածի համագործակցություն:

Համաժողովին մասնակցում են պետական կառավարման մարմինների, համայնքների ու տեղական ինքնակառավարման համակարգի հետ աշխատող տարբեր միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզ մասնակցում է մարզպետի գլխավորությամբ առանձին պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված է տասը համայնքապետ: Համաժողովն աշխատանքները կամփոփի հոկտեմբերի 6-ին, հաղորդում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: