5 հոկտեմբերի 2012 - 14:23 AMT
Վիրաբույժ. Պլաստիկ վիրաբուժության են դիմում ինքնահաստատման կամ ֆիզիկական թերությունները շտկելու համար

Պլաստիկ վիրաբուժության են դիմում ինքնահաստատման կամ ֆիզիկական թերությունները շտկելու համար: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց թիվ 3 կլինիկական հիվանդանոցում Պլաստիկ և վերականգնողական ծառայության ղեկավար Գևորգ Ստեփանյանը: «Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը քթի վիրահատությունն է: Մեծ մասամբ դիմում են կանայք, որոնք կատարում են նաև կրծքագեղձի, որովայնի, հաճախ նաև ոտքերի պլաստիկ վիրահատություններ: Մեծ մասամբ քթի և ավելի շատ քթի միջնապատի շտկման վիրահատության են դիմում տղամարդիկ»,- նշեց նա:

Կլինիկական հոգեբան Միքայել Մադաթյանն իր հերթին շեշտեց, որ կարևոր է տարբերել ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժությունը: «Եթե մարդն ունի ֆիզիկական արատ, բնական է, որ նա պետք է ռեկոնստրուկտիվ վիրաբուժության դիմի, որպեսզի շտկի իր արտաքինը: Բայց ինչ վերաբերում է էսթետիկ վիրաբուժությանը, ապա այստեղ հիմնական խնդիրը կապված է նրա հետ, որ անձի ներքինը չի ընդունում արտաքինը: Մարդիկ պետք է գիտակցեն` այդ վիրահատությունն իսկապես իրենց անհրաժեշտ է, թե ոչ»,- ասաց հոգեբանը: