5 հոկտեմբերի 2012 - 16:30 AMT
Թունիսի իշխանությունները մահապատիժ են պահանջում 87 ցուցարարների համար

Թունիսի իշխանությունները մտադիր են մահապատիժ պահանջել 87 ցուցարարների համար, որոնք մեղադրվում են ԱՄՆ դեսպանատունը գրոհելու փորձի մեջ՝ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքների ժամանակ:

Ինչպես հայտնում է «Ասոշեյթիդ պրես» գործակալությունը, անկարգություններին մասնակցելու համար ձերբակալված 87 մարդ այժմ դատի է սպասում մի շարք մեղադրանքների գծով, այդ թվում պետանվտանգության աշխատակիցների վրա հարձակման համար: Դատախազությունը բոլորի համար մահապատիժ է պահանջելու:

Հիշեցնենք, որ հակաիսլամիստական ֆիլմի բովանդակությամբ վրդովված հարյուրավոր թունիսցիներ սեպտեմբերի 14-ին փորձել են գրոհել Թունիսում ԱՄՆ դեսպանատունը: Ըստ ԶԼՄ-ների, շենքում կոտրել են ապակիները, ամբոխը հրկիզել է դեսպանատան մոտ աճող ծառերը և ամերիկյան դրոշի փոխարեն կախել է սև դրոշ: Անկարգությունները կասեցնելու համար ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել: Զոհվել է 4 մարդ, վիրավորվել է 49: