5 հոկտեմբերի 2012 - 16:14 AMT
Կարեն Անդրեասյան. Մեր զեկույցները սեղանի գիրք են միջազգային կառույցների համար, իսկ մեր նախարարները նույնիսկ չեն կարդում

ՄԻՊ գրասենյակը վերջին ամիսներին բազմաթիվ հուշագրեր է ստորագրել, բայց Կարեն Անդրեասյանն այսօրվանը բացառիկ որակեց: ՄԱԿ մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի հետ նրանց ստորագրած փոխհամագործակցության հուշագիրը նախատեսում է փորձագիտական տեղեկատվության երկկողմանի փոխանակություն:

«Պարզվում է օտարերկրյա գործընկերների համար ՄԻՊ գրասենյակն այնքան է զարգացած, որ ոչ թե մեզ մոտ են մասնագետներ ուղարկում՝ ուսուցողական ծրագրերի անցակացնելու համար, այլ մենք ենք օգնելու նրաց: Մենք գնահատում ենք այդ վստահությունը»:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ նույնիսկ մեր երկրի ներսում իր գլխավորած կառույցին այդքան չեն վստահում: « Մեր տարեկան զեկույցները սեղանի գիրք են դառնում դեսպանների, միջազգային կառույցների ներկայացուցիչենրի համար, իսկ մեր նախարարները նույնիսկ չեն կարդում: Պիտի անպայման հայհոյախառն սուր քննադատություն լինի, որ կարդան»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Դաֆինա Գերչևան հուշագիրը ռազմավարական, ՄԻՊ գրասենյակն էլ պրոֆեսիոնալ աշխատող կառույց գնահատեց և ասաց, որ ինչպես նախկինում, այսուհետ էլ ակտիվ համագործակցելու են: