5 հոկտեմբերի 2012 - 16:27 AMT
Կայացել է միկրոէլեկտրոնիկայի ամենամյա 7-րդ միջազգային օլիմպիադան

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա 7-րդ միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում մրցանակակիրներից հաղթող են ճանաչվել 24-ը` 10 անվանակարգում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն օլիմպիադայի գլխավոր հովանավորն է, իսկ Սինոփսիս Արմենիան օլիմպիադայի հովանավորն ու գլխավոր կազմակերպիչը:

Հայաստանում Սինոփսիսի շաբաթվա շրջանակներում անցկացվող այս տարվա օլիմպիադան մասնակից երկրների լայն աշխարհագրություն ուներ՝ Բելառուս, Չինաստան, Եգիպտոս, Գերմանիա և այլն: Օլիմպիադայի 418 մասնակիցներից 191-ը հայաստանյան ԲՈՒՀ-երի և ՏՏ ընկերությունների, իսկ 227-ը՝ միջազգային համալսարանների և կազմակերպությունների ներկայացուցիչներ էին:

Օլիմպիադան բացահայտում է մինչև 30 տարեկան առավել խելացի և տաղանդավոր ճարտարագետներին: Օլիմպիադան իրականացվում էր երկու փուլով: Առաջին փուլը ստուգարքի ձևով անցկացվել է սեպտեմբերին`մասնակից բոլոր երկրներում: Երկրորդը ներառել է ինքնատիպ լուծումներ պահանջող ճարտարագիտական խնդիրներ: Առաջին փուլի 418 մասնակիցներից երկրորդ փուլ են անցել 34-ը, որոնցից 18-ը Հայաստանից էին (14-ը Երևանից, չորսը՝ Գյումրիից), իսկ 16-ը՝ տարբեր երկրներից: