31 մարտի 2005 - 09:48 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԽԱՂԱՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ՀԱՐԵՎԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ, ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ
«Լեռնային Ղարաբաղի խնդրի հայկական լուծումը երազանք է»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր Լեհաստոնում Վարշավայի համալսարանի ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net սեփական աղբյուրներից, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «տվայլ խնդրի միակ արդարացի եւ միջազգային իրավունքներին համապատասխանող լուծումը Ադրբեջանի առաջարկած տարբերակն է»: «Հայերը իրավունք են տալիս ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Ղարաբաղ, Ադրբեջանը լայն ինքնավարություն է տալիս Ղարաբաղին Ադրբեջանի սահմաններում եւ անվտանգության երաշխիքներ, ինչը թույլ կտա Ղարաբաղին բարձրացնել տնտեսության մակարդակը, իսկ Հայաստանը պետք է հրաժարվի գրավյալ տարածքներից»,-նշել է Ալիեւը: «Հայաստանը փորձում է իր սեփական պետությունը կառուցել ուրիշների հաշվին: Ինչ կլիներ եթե հայերը փորձեին ստանալ այն պետությունները, որտեղ իրենք բնակվում են, իսկ դրանք բավականին շատ են»,-ընդգծել է նա: Ինչպես նշել է Ի.Ալիեւը, «Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է եւ նախկինում երբեք չի եղել հայկական»: «Հայերը այնտեղ են տեղափոխվել Թուրքիայից եւ Իրանից 19 դարում»,-ավելացրել է նա: Որպես իր խոսքերի հաստատում նա բերել է այն փաստը, որ «հայերենում «ղարաբաղ» բառը ոչինչ չի նշանակում, իսկ ադրբեջաներեն այն նշանակում է «մեծ այգի»: Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ լուծվում էր սահմանների հարցը, այն լուծվում էր պատմության տեսակետից, իսկ այն ժամանակ Ղարաբաղում բնակվել են 75 տոկոս հայեր եւ 25 տոկոս ադրբեջանցիներ: «ԽՍՀՄ փլուզումից հետո Ղարաբաղում առաջացավ անջատողական շարժում, որի արդյունքում այժմյան Ադրբեջանի հարավում կա 1 մլն փախստականներ, իսկ տարածքների 20տոկոսը օկուպացված է»,-հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ, Ի.Ալիեւը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կլուծվի Եվրոպայի Խորհրդի շրջանակներում: