6 հոկտեմբերի 2012 - 11:27 AMT
«Հրապարակ». Երկուշաբթի պարզ կլինի «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլում հայտնաբերված կեղծիքի կապակցությամբ կայացրած վճիռը

«Հրապարակ»-ը գրում է, որ հոկտեմբերի 14-ին պարզ կլինի, թե եվրոպացիներն ինչ վճիռ են կայացրել մանկական «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլում հայտնաբերված կեղծիքի կապակցությամբ: «Հրապարակ»-ը նախորդ համարում գրել էր, որ եզրափակիչ փուլից հետո բացահայտվել է, որ հաղթող «Compass band» խմբի ամենափոքրիկ մասնակցի՝ Միքայել Վարոսյանի տարիքը կեղծվել էր՝ 8-ամյան ներկայացվելով 10, մինչդեռ, «Եվրատեսիլի» կանոններով, նվազագույն տարիքը պետք է լինի 10-ը: Մինչ զեղծարարությունը կոծկելու նպատակով Եվրոպա գործուղված պատվիրակությունը կվերադառնա, «Եվրատեսիլի» պաշտոնական ներկայացուցիչ Հանրային հեռուստաընկերությունն ընդհատակ է անցել:

Ոչ մի խոսք մինչեւ վճռական պահը, բայց դա չի նշանակում, թե ղեկավարությունը շատ խաղաղ վիճակում է: Որոշ տեղեկությունների համաձայն, հատկապես ծանր վիճակում է հայտնվել Հանրային հեռուստառադիո խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ով, որպես ղեկավար, պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար: Թե իր աշխատասենյակում այս օրերին խորհրդատուների հետ ինչ ելքեր ու լուծումներ է փնտրում միջազգային մակարդակով հեղինակազրկվելու դեմն առնելու ուղղությամբ, կերեւա առաջիկայում: Սակայն երեկ չզլացավ այս թեմայով մեզ հետ զրուցել ժյուրիի անդամ, «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: Նշենք, որ ժյուրիի կազմում ընդգրկված են երաժշտական պրոդյուսեր Արմեն Մանուկյանը, Արմանուշ Հակոբյանը՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային-ջազային ամբիոնի դոցենտ, Հրաչուհի Ութմազյանը, «Դար 21» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանը, իսկ հանձնաժողովը նախագահել է երաժշտագետ Արմինա Դարբինյանը: Արեւշատյանն ասաց, որ մինչեւ վերջնական հայտարարությունը, իրենք չեն կարող պարզաբանում տալ, սակայն միաժամանակ նշեց, որ ոչ մի կրիմինալ էլ չկա, իզուր աժիոտաժ է: «Եվրովիդենիայի մեջ երեխաները 10-15 տարեկան են, բայց ինքը 9 տարեկան 6 ամսական է: Թող ապացուցեն, որ 8 տարեկան 6 ամսական է, կան նրա ամբողջ փաստաթղթերը, դեկտեմբերին ինքը կդառնա 9 տարեկան 8 ամսական, որը լրիվ կամիսիայի օրենքների մեջ է»,- պնդում էր տիկին Արեւշատյանը: Մինչդեռ այս տարի նույն փոքրիկը մասնակցել է «Նովայա վոլնա-2012» նախընտրական մրցույթին եւ ներկայացվել որպես 8 տարեկան: «Եթե ուզում եք իմ մեկնաբանությունը, Հայաստանում պետք է արգելվի մանկական «Եվրատեսիլի» նախընտրական փուլը, լինեն մանկական երգի փառատոններ՝ առանց տեղաբաշխության, որպեսզի երեխաները ելույթ ունենան, ու մեր պրոդյուսերներն ընտրեն այդ երեխաներից մի երկուսին, նրանց հետ աշխատեն ու ներկայացնեն «Եվրատեսիլին»: Ուղղակի լինի մանկական երգի մեծ փառատոն, որտեղ երեխաները կերգեն, կուրախանան երեխաների նման եւ մեծերի պատճառով չեն ընկնի նման թյուրիմացությունների մեջ»: Հարցին, թե ընդհանրապես նման բնույթի խախտումն ինչ հետեւանքներ կարող է ունենալ, հնարավո՞ր է նոր մրցույթ հայտարարվի, պատասխանեց. «Եթե այս մեկ երեխայի մասին է խոսքը, եթե հանկարծ որոշեն, որ չդնեն այդ երեխային, կպահանջեն նրան փոխարինել ուրիշով, ինքը չի կարող ազդել խմբի վրա, դա ես չեմ որոշում, դա մրցույթի օրենքն է»: Անկախ սպասվող զարգացումներից, մանկական «Եվրատեսիլ-2012»-ի նախընտրական փուլն ի սկզբանե թեժ էր, քանի որ մասնակիցների թվում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանի դուստրը՝ Անգելինա Գասպարյանը, ով 3-րդ տեղն է զբաղեցրել: Նախ, լրատվական դաշտը հեղեղվեց կանխատեսումներով, թե հայրիկի պաշտոնական դիրքի շնորհիվ դուստրը կհայտնվի միջազգային բեմում, ապա ավարտվեց բոլորի համար աննախադեպ խայտառակ վերջաբանով, ինչի կապակցությամբ, ի դեպ, տարօրինակ լռություն է: