6 հոկտեմբերի 2012 - 12:36 AMT
Լ. Շիրինյան. Վրաստանը սիրախաղ կսկսի Ռուսաստանի հետ, բայց չի վերադառնա նրա ազդեցության տակ

Ռուսաստանը չպետք է հույսեր տածի, որ Բիձինա Իվիանիշվիլու հաղթանակն ընտրություններում թույլ կտա նրան վերադարձնել իր ազդեցությունը Վրաստանում, գտնում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «Վրացիները չեն փոխի իրենց քաղաքական կողմնորոշումը: Ոչ մի Սահակաշվիլի, ոչ մի Իվանիշվիլի չեն վերադարձնի Վրաստանը ռուսական կողմնորոշման դաշտ: Բայց սիրախաղի մեջ կմտնեն, մեղմելու համար ռուս-վրացական հարաբերությունները»,-հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսում:

Քաղաքագետը նշել է, որ Վրաստանը կողմնորոշված է դեպի ԱՄՆ ու Եվրոպա և մտադիր չէ հրաժարվել դրանից: Նա նաև նշել է, որ, ըստ ամենայնի, Վրաստանը իր քաղաքական կառուցվածքը պատկերցանում է Գերմանիայի նմանությամբ:

Շիրինյանը մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է փորձել իր կողմը գրավել Վրաստանին Հայաստանի ու հայերի շահերի հաշվին, ինչը կարող է բարդություններ առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում: Ըստ նրա, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար «Վրաստանը իր գինը կպահանջի», սակայն հազիվ թե Ռուսաստանը զիջումների գնա Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հարցում:

Նա նշել է նաև, որ «ռուսական քաղաքական վերնախավը ավանդաբար վրացամետ է, տարածաշրջանում կողմնորոշվելով Վրաստանի ուղղությամբ»: