6 հոկտեմբերի 2012 - 13:08 AMT
Լևոն Շիրինյան. Վրացիները կամ ազգայնամոլ են լինում, կամ շովինիստ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համաձայն չէ այն կարծիքին, թե Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակն ընտրություններում Վրաստանում ժողովրդավարական փոփոխությունների վկայություն է, և որ կարող է փոխվել վրացական իշխանությունների քաղաքականությունը երկրի ազգային փոքրամասնությունների հանդեպ: «Վրացիները կամ ազգայնամոլ են լինում կամ շովինիստ»,-հայտարարել է նա՝ մեկնաբանելով Իվանիշվիլու երեկվա հարցազրույցը, որը մեծ դժգոհություն է առաջացրել է հայ հանրության շրջանում:

Ըստ քաղաքագետի, այդ մասին է վկայում նաև այն, որ Իվանիշվիլու դաշինքը կոչվում է «Վրացական երազանք», ոչ թե «Վրաստանի երազանքը»: ԶԼՄ-ները, լուսաբանելով արտերկրում բնակվող վրացի քաղաքացիների քվեարկությունը, օգտվում էին «քվեարկեցին վրացիները» արտահայտությունից, ոչ թե «Վրաստանի քաղաքացիները»:

Նա նշել է, որ վրացական իշխանությունները միշտ մերժել են ազգային փոքրամասնությունների խնդիրների առկայությունը, ասելով, թե «կա միայն վրացական հանրությանը նրանց ինտեգրման խնդիր»: «Ինտեգրում վրացական ձևով նշանակում է ուծացում»,-նշել է նա հեգնանքով:

Ըստ Շիրինյանի, այս պայմաններում Հայաստանը պետք է մտածի Ջավախքում հայկական քաղաքական գործոնի վերականգնման մասին, ինչպես նաև համագործակցություն հաստատի Ռուսաստանի հետ տարածաշրջանի խնդիրների ամենալայն շրջանակի գծով:

Քաղաքագետը հավելել է նաև, որ ըստ նրա, վրաստանաբնակ հայերն ու ադրբեջանցիները պետք է համագործացեն, լուծելու համար առկա խնդիրները: Ըստ Շիրինյանի, այժմ վրացական իշխանությունները փայլուն կերպով օգտագործում են Վրաստանի հայերի ու ադրբեջանցիների միջև առկա հակասությունները: