6 հոկտեմբերի 2012 - 12:56 AMT
Անդրեյ Բոկով. Շատ անելիքներ ունենք միջազգային մոտեցումները քաղաքաշինական ծրագրերում ներդնելու առումով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանում հոկտեմբերի 4-7-ը անցկացվող Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նիստի անդամներին:

Ողջունելով հյուրերին քաղաքապետը նախ նկատել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված ասոցիացիան նախկին սոց երկրների ճարտարապետների միջև առկա կապերի պահպանման առումով իսկապես անհրաժեշտություն էր և անցած 20 տարիները մեկ անգամ չէ, որ փաստել են դա:

«Վստահ եմ` մեր երկրների ընդհանուր անցյալը ևս մեկ կարևոր խթան կարող է հանդիսանալ, որպեսզի համատեղ ուժերով փորձենք մեր երկրների քաղաքաշինական ծրագրերում կիրառել միջազգային լավագույն փորձը` այն համադրելով առկա ճարտարապետական դիմագծի հետ: Ու քանի որ այս տեսանկյունից մեր բոլորի քաղաքաշինական խնդիրները գրեթե նույնական են, կարծում եմ` սերտ փոխգործակցությունը կարող է բավականին լավ արդյունքներ բերել» - նշել է Տարոն Մարգարյանն ու օգտվելով առիթից շնորհավորել ներկաներին ասոցիացիայի ձևավորման 20-ամյակի ու ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ, հայտնում են քաղաքապետարանի հասարակության և լրատվության հետ կապերի վարչությունից:

ՌԴ ճարտարապետների միության նախագահ Անդրեյ Բոկովն իր հերթին նշել է, որ կիսում է Տարոն Մարգարյանի կարծիքն ու իր գործընկերների անունից նաև վստահեցրել, որ կարվի հնարավորը, որպեսզի փոխգործակցությունը դառնա առավել առարկայական ու շոշափելի:

«Մենք իրոք շատ անելիքներ ունենք միջազգային արդյունավետ մոտեցումները քաղաքաշինական մեր ծրագրերում ներդնելու առումով: Սերտ փոխգործակցության արդյունքում մենք շատ ավելի հեշտ կկարողանանք հասնել դրան» - նշել է Բոկովը: Տարոն Մարգարյանը նաև շնորհավորել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին` ռոտացիոն կարգով Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: