6 հոկտեմբերի 2012 - 13:56 AMT
iPhone արտադրող չինական ընկերությունը հերքում է գործադուլի մասին հաղորդագրությունները

Foxconn Technology Group ընկերությունը, որի Չինաստանում գտնվող գործարաններում են հավաքում Apple-ի արտադրանքը, այդ թվում նոր iPhone 5-ը, հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն հաղորդագրությունը, թե աշխատակիցնեի գործադուլի պատճառով արտադրությունը կանգնել է, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Բոլոր հաղորդագրություններն այն մասին, թե գործադուլ է հայտարարվել, կոռեկտ չեն: Արտադրությունը կանգ չի առել ոչ այս, ոչ Foxconn-ի այլ գործարաններում»,-ասվում է հաղորդագրության մեջ

Ավելի վաղ մի շարք արևմտյան ԶԼՄ-ներ, Նյու Յորքում տեղակայված չինական իրավապաշտպան China Labor Watch կազմակերպության վրա հղումով, հայտարարել էին, որ նախօրեին Չժենչժոու քաղաքի Foxconn գործարանում 3-4 հազար բանվորներ գոծադուլ են անում՝ բողոքելով աշխատանքի ոչ պատշաճ պայմանների դեմ:

Ասվում էր, որ Foxconn ֆաբրիկայի հավաքման հոսքագծի բանվորները հրաժարվել են աշխատանքը սկսել, քանի դեռ պահպանվում են նոր առավել խիստ պահանջները որակի հսկողության վերաբերյալ: Բացի այդ, բանվորները պահանջում են, որ նրանց պաշտոնական հանգստի օրեր տրամադրվեն պետական տոների օրերին, հայտնում է Associated Press-ը: Ըստ արհմիությունների, ակցիային մասնակցում է 3-4 հազար բանվոր, կաթվածահար է եղել iPhone 5-ի հավաքումը Foxconn ձեռնարկությունում: Գործադուլի կազմակերպիչները հայտարարում են, որ նույնիսկ ցանկության դեպքում նրանց աշխատակիցները չեն կարողանա կատարել որակի նոր պահանջները: