Սեյրան Օհանյան. Բանակի ապագան առանց գիտելիքների անհնարին է

Սեյրան Օհանյան. Բանակի ապագան առանց գիտելիքների անհնարին է

PanARMENIAN.Net - Ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնի առթիվ հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր և պաշտպանական գերատեսչության անձնակազմի անունից ողջունելով և շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ` ընդգծել է օրվա խորհուրդը և բարձր գնահատել ուսուցչի դերը սերնդի դաստիարակման, հայրենիքի պաշտպանի գիտակցումը սերմանելու գործում:

Սեյրան Օհանյանը հավելել է, որ բանակն իրականացնում է լայնածավալ ուսումնական գործընթաց, որը սկսվում է ռազմական թեմաներով դասըթացներից և ավարտվում զորավարժություններով: Դիմելով ուսուցիչներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է.

«Առանց ձեր աշխատանքի մենք չենք ունենա պատասխանատու և կրթված զինվորներ: Բանակի ապագան առանց գիտելիքի անհնարին է»:

Միջոցառմանը ներկա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին ասել է, որ համատեղ աշխատանքների շնորհիվ զինվորական ծառայությունը և կրթությունը իրար փոխլրացնող, զուգորդող և երբեք միմյանց չհակասող իրողություններ են: Միջոցառումը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---