7 հոկտեմբերի 2012 - 18:22 AMT
Երևանում տեղադրվեցին Պարույր Սևակի և Հրանտ Մաթևոսյանի արձանները

Երևանի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել «Մեր հանճարները մեր կողքին են» նախագիծը: Այդպես այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Մոսկովյան պուրակի հարևանությամբ՝ Իսահակյան փողոցի մայթի նստարանին, տեղադրվել է բանաստեղծ Պարույր Սևակի արձանը: Իսկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ՝ Մաշտոցի պողոտային հարող այգում, տեղադրվել է գրող Հրանտ Մաթևոսյանի արձանը:

Ինչպես նախկինում PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը, հայ մեծերի արձաններ են տեղադրվելու նաև Աբովյան պուրակում, ևս մեկը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում և այլ բանուկ վայրերում: «Մինչև Էրեբունի-Երևանի տոնակատարությունները` հոկտեմբերի 14-ը, նախատեսվում է տեղադրել 9-12 արձան, սակայն մենք չենք պատրաստվում հրապարակել, թե ում արձաններն են լինելու դրանք: Այս նախագիծը քաղաքապետարանի անակնկալն է երևանցիներին, և արձանների տեղադրման օրվա ու վայրի մասին նախօրոք չի հայտարարվելու»,- նշել էր նա:

Սեպտեմբերի 20-ին Շառլ Ազնավուրի հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, նստարաններին տեղադրվեցին Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանները: Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավից: