8 հոկտեմբերի 2012 - 00:31 AMT
Այսուհետ երևանցիները շախմատ կխաղան աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հսկողության ներքո

Այսուհետ երևանցիները կարող են շախմատ խաղալ աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հսկողության ներքո: Այսօր՝ հոկտեմբերի 7-ի երեկոյան, Մաշտոցի պողոտայի մայթին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարևանությամբ, նստարանի հետևում կանգնած է շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանը: Նստարանին շախմատի տախտակ է դրված խաղաքարերով, և ցանկացողը կարող է նստել ու շախմատ խաղալ գրոսմայստերի հսկողության ներքո: Արձանը կանգնեցվել է Երևանի քաղաքապետարանի «Մեր հանճարները մեր կողքին են» նախագծի շրջանակում:

Այսօր ցերեկը Մոսկովյան պուրակի հարևանությամբ՝ Իսահակյան փողոցի մայթի նստարանին, տեղադրվեց բանաստեղծ Պարույր Սևակի արձանը: Իսկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ՝ Մաշտոցի պողոտային հարող այգում նստարանին տեղադրվեց գրող Հրանտ Մաթևոսյանի արձանը:

Սեպտեմբերի 20-ին Շառլ Ազնավուրի հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, նստարաններին տեղադրվեցին Մհեր Մկրտչյանի և Եղիշե Չարենցի արձանները: Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավից:

Ինչպես նախկինում PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը, հայ մեծերի արձաններ են տեղադրվելու նաև Աբովյան պուրակում, ևս մեկը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում և այլ բանուկ վայրերում: «Մինչև Էրեբունի-Երևանի տոնակատարությունները` հոկտեմբերի 14-ը, նախատեսվում է տեղադրել 9-12 արձան, սակայն մենք չենք պատրաստվում հրապարակել, թե ում արձաններն են լինելու դրանք: Այս նախագիծը քաղաքապետարանի անակնկալն է երևանցիներին, և արձանների տեղադրման օրվա ու վայրի մասին նախօրոք չի հայտարարվելու»,- նշել էր նա: