8 հոկտեմբերի 2012 - 11:28 AMT
Վարդան Օսկանյանը այսօր կներկայանա ԱԱԾ

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր ժամը 12-ին համաձայն հոկտեմբերի 6-ին ստացած ծանուցագրի` «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին», կներկայանա ԱԱԾ: Օսկանյանի գրասենյակից հայտնում են, որ նա ծանուցագրում նշված ժամը 11-ի փոխարեն, կներկայանա ժամը 12-ին:

Նշենք, որ Ազգային ժողովը բավարարել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին քրեկան գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» և «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած 1 մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Բացի այդ, ըստ անցկացված քննության՝ Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: