9 հոկտեմբերի 2012 - 09:32 AMT
«Հայկական ժամանակ». Հողի հարկի հավաքագրման տեմպերը պայմանավորված են ընտրական գործընթացներով

Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի համայնքներում հողի հարկի գծով արձանագրվել է ավելի քան 35 տոկոս թերակատարում: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նախատեսված 3.4 միլիարդ դրամի փոխարեն հավաքագրվել է ընդամենը 2.2 միլիարդ դրամ: Սա այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում թերակատարումը 16 տոկոս է կազմել: Սա պայմանավորվա՞ծ է սպասվող նախագահական կամ կայացած ՏԻՄ ընտրություններով: Այսինքն, նախընտրական շրջանում գյուղապետերը գյուղացիներին չեն ճնշում, նրանց բարեհաճ վերաբերմունքը շահելու, հօգուտ իշխանությունների ձայն ստանալու նկատառումներով:

«2008թ. և 2012թ. համեմատական վերլուծությունները ցույց են տալիս, որ հանրապետության համայնքներում հողի հարկի հավաքագրման տեմպերն իսկապես պայմանավորված են ընտրական գործընթացներով: Հաշվի առնելով, որ հիմնական ընտրական գործընթացներն արդեն ավարտված են, ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին հողի հարկի հավաքագրման ցուցանիշները կբարելավվեն»,- «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին այսպես է պատասխանել ՀՀ տարածքային ինքնակառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը: Ի դեպ, ընտրական գործընթացները դեռ չեն ավարտվել` առջևում նախագահականն է: