9 հոկտեմբերի 2012 - 11:50 AMT
Բրազիլիայում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստ

Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Բրազիլիայի տարածաշրջանային Կենտրոնական հանձնաժողովի նիստը, որն աննշան փոփոխություններով հաստատեց ընթացիկ տարվա սկզբին ձևավորված վարչության կազմը, քննարկեց հանձնաժողովի առջև կանգնած հիմնական խնդիրներն ու նպատակները:

Վարչության կազմում ընդգրկվել են համայնքային բոլոր հիմնական միությունների, ավանդական կուսակցությունների և կրոնական կառույցների ղեկավարները, Բրազիլիայում ՀՀ դեսպանը, ինչպես նաև Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը:

Առաջարկվել է ստեղծել նաև օժանդակող հանձնախումբ, որի կազմում կներգրավվեն երկու տասնյակից ավելի համայնքային ակտիվիստներ, իրավաբաններ, գիտնականներ, մշակույթի գործիչներ, որոնք կխմբավորվեն առանձին ենթահանձնաժողովների մեջ` ըստ թեմատիկ ուղղությունների:

Կենտրոնական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի երկրորդ կեսին: