9 հոկտեմբերի 2012 - 14:15 AMT
Է. Շարմազանով. 2013թ. փետրվարին պայքար կընթանա միայն պատվավոր երկրորդ տեղի համար

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու է գործող նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Հիմնական ֆավորիտը Սերժ Սարգսյանն է, պայքարը գնալու է պատվավոր երկրորդ տեղի համար»,-հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսում:

Շարմազանովը վստահ է, որ ՀՀԿ հաջողությունը սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում ցույց տվեց, որ իշխող կուսակցությունը շարունակում է մնալ «ամենալուրջ և հեղինակավոր ուժը երկրում»:

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ համեմատությանը, որտեղ ընդդիմությունը կարողացավ հաղթել ընտրություններում, ապա Շարմազանովը նշել է, որ «գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ով հաղթեց, այլ ինչպես հաղթեց, որ դա արվեց ժողովրդավարական ճանապարհով»: Նա հիշեցրել է, որ ժամանակին Ֆրանկլին Ռուզվելտը 4 անգամ անընդմեջ ընտրվել է ԱՄՆ նախագահ: