9 հոկտեմբերի 2012 - 15:12 AMT
Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի նկարչի նորահայտ տարածանկարի բացառիկ ցուցադրությունը

Երվանդ Քոչարի թանգարանում այսօր` հոկտեմբերի 9-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա Երվանդ Քոչարի տարածանկարի բացառիկ ցուցադրության բացումը: Երվանդ Քոչարի 1927թ. ստեղծած տարածական գլուխգործոցը շուրջ 70 տարի գտնվել է ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում, որը 2011թ. «Բարձր արվեստ» պատկերասրահի (կոլեկցիոներ Ս. Գրիգորյան) ջանքերով Փարիզից բերվել է հայրենիք: Նորահայտ տարածանկարը 2012 թ. ապրիլի 5-8-ը Մոնակոյի թագավորական ընտանիքի կողմից հովանավորվող, միջազգային արտ բիզնեսում բարձր վարկանիշ ունեցող «ArtMonaco-Expo»-ում արժանացել է «Լավագույն ստեղծագործություն» գլխավոր մրցանակին: Նախորդ տարիներին այս պատվին են արժանացել Պ. Պիկասոյի, Ռ. Մագրիտի գործերը:

Ցուցադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը և կուղեկցվի մեկնաբանող 4 տեսաֆիլմերով: Դրանցից առաջինը «Առաջին մեղսագործությունն» է, որը ստեղծվել է թանգարանի կողմից, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու Ա. Շահխաթունու` տարածանկարը յուրովի մեկնաբանող սցենարի հիման վրա, 17 րոպե տևողությամբ է, հայերեն և անգլերեն: Երկրորդը «Քոչարը և Տարածական նկարչությունը» տեսաֆիլմն է, ռեժիսոր` Ռ. Քոչար, տեքստի հեղինակ` Լ. Մարտիրոսյան-Քոչար, 19 րոպե, հայերեն: Ցուցադրվող երրորդ աշխատանքը «Քոչարի տարածանկարները» սլայդ-շոուն է 10 րոպե տևողությամբ և «ArtMonaco-Expo»-բ («Բարձր արվեստ» կենտրոն), հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: