4 ապրիլի 2005 - 08:17 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Վատիկանի Պետական քարտուղար նորին Սրբություն կարդինալ Անջելո Սոդանոյին, որտեղ իր ցավակցությունն է հայտնել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի մահվան կապակցությամբ: Նամակում ասվում է. «Ձերդ Սրբություն, այսօր հայ ժողովուրդը, ողջ քրիստոնյա աշխարհի հետ, սգում է նորին սրբություն Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի մահվան կապակցությամբ, որն արժանացել է ողջ մարդկության մեծ համակրանքին եւ հարգանքին: Պատմության մեջ հավերժ կմնա աստվածահաճո պոնտիֆիկը եւ նրա նվիրվածությունը համամարդկային արժեքների տարածմանը, ժողովրդների միջեւ խաղաղության հաստատմանը, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների ամրապնդմանը, ինչպես եւ խաղաղության հաստատմանը ողջ աշխարհում: Մեր սրտերում հավերժ կմնա լուսավոր հիշողությունը նորին Սրբություն Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի մասին: Մենք երբեք չենք մոռանա նորին Սրբության օրհնանքը, հարգանքը եւ ջերմ վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ, որը լավագույնս արտահայտվել է Հայաստան կատարած նրա պատմական այցի ընթացքում, ինչպես եւ ընթացիկ տարվա հունվարին Վատիկանում կայացած մեր վերջին հանդիպման ժամանակ: Ընդունեք, խնդրեմ, մեկ անգամ եւս, Ձերդ Սրբություն, մեր անկեղծ ցավակցությունները»: