9 հոկտեմբերի 2012 - 17:33 AMT
Լուվրում կցուցադրվի Հարություն Խաչատրյանի «Սահմանը»

Հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ հայկական ֆիլմը կցուցադրվի Լուվրում: Հոկտեմբերի 14-ին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009թ. Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, կցուցադրվի Լուվրում: Ֆիլմը կներկայացնի աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոսթամին, որի երկու ֆիլմերը ևս կցուցադրվեն նույն ծրագրի շրջանակում:

Աբաս Քիառոսթամին Լուվրի պաշտոնական կայքում «Սահմանի» մասին գրում է. «Հարություն Խաչատրյանը կարողացել է շատ անսովոր ձևով կինո բերել նոր հերոսի: Ես այլևս ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Քո առջև գոմեշ է, և նայելով նրան` հասկանում ես, որ նա էլ ունի գիտակցություն և զգացմունքներ: Այսօրվա համաշխարհային կինոն նկարում է պոռնիկների, մաքսանենգների, մարդասպանների` նրանց, ում դժվար է մարդ կոչել: Իսկ Խաչատրյանի ֆիլմում մենք տեսնում ենք մի գոմեշի, որն ավելի մարդկային է, քան թվարկածս արարածները: Ինչպե՞ս կարող էր նման ֆիլմը չտպավորվել և չփոխել իմ ներաշխարհը…»:

Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը դեռևս միակ հայկական ֆիլմն է, որ արժանացել է շուրջ 15 մրցանակի, այդ թվում` գլխավոր մրցանակների Անթալիայի, Անապայի միջազգային կինոփառատոներում, Գորիցայում` Դարկո-Բրատինա հատուկ մրցանակի: