10 հոկտեմբերի 2012 - 10:12 AMT
«Հրապարակ». ՀՅԴ վերնախավը Վահան Հովհաննիսյանին այլևս չի տեսնում թեկնածուի կարգավիճակում

«Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ ՀՅԴ-ն շատ դժվար է կողմնորոշվում առաջիկա նախագահական ընտրությունների թե մասնակցության, թե ինչ-որ մեկին սատարելու հարցում: Վահան Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու հարցն այստեղ համարում են փակված: Լուրեր են շրջում, թե Հովհաննիսյանն ասել է. հասարակական այս անբարենպաստ պայմաններում էդ էր ինձ պակաս:

Սակայն առավել հավանական է այն տեղեկությունը, որ ՀՅԴ վերնախավը նրան այլևս չի տեսնում թեկնածուի կարգավիճակում: ՀՅԴ-ում քննարկվել է նաև Հրանտ Մարգարյանի թեկնածության հարցը: Վերջինս հրաժարվել է` ասելով, որ ՀՅԴ բյուրոյի ղեկավարի կարգավիճակն ավելի բարձր է, քան ՀՀ նախագահինը, այն պարզ պատճառով, որ բյուրոն միջազգային կառույց է:

ՀՅԴ-ում կոնսենսուս չկա նաև ինչ-որ մեկին սատարելու հարցում: Սերժ Սարգսյանին չեն պաշտպանի, Քոչարյանը չի առաջադրվում, Օսկանյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է: Ծառուկյանին նույնպես չեն պաշտպանի, քաղաքական կուսակցությանը վայել չէ օլիգարխին պաշտպանելը: Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ ՀՅԴ-ն այս ընտրություններում առաջադրի Արծվիկ Մինասյանի և կամ Արտյուշա Շահբազյանի թեկնածությունը` զուտ օլիմպիական մասնակցության սկզբունքից ելնելով: Թեև սա էլ դեռ մեծ հարցականի տակ է: