10 հոկտեմբերի 2012 - 19:40 AMT
Բնապահպանության նախարարն աշխատանքից ազատել է «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին և մի շարք աշխատակիցների

2012թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի մոտ կայացել է արտահերթ խորհրդակցության` նվիրված ՀՀ տարածքում ապօրինի որսի դեպքերի կանխարգելման աշխատանքների բարելավմանը և ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմի կատարելագործմանը: Համաձայն օրեր առաջ մամուլում կատարած հայտարարության, որտեղ նախարարը պատրաստակամություն էր հայտնել առավել ակտիվացնելու համագործակցությունը նախարարության և հանրության, հանրությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ, հանձնարարել է լրատվություն ապահովող պատասխանատուներին այդ մասին ևս մեկ անգամ իրազեկել հանրությանը. PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ապօրինի որսի հետ կապված ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ հարուցվել է քրեական գործ: Բնապահպանության նախարարը նույնպես ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ. աշխատանքից ազատել է Խոսրովի անտառ ՊԱ ՊՈԱԿ-ի տնօրենին, արգելոցի պահպանությունն իրականացնող մի շարք աշխատակիցներ նույնպես ազատվել են աշխատանքից, այլ աշխատակիցներ ներկայացվել են կարգապահական տույժերի:

Հանձնարարվել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին, որ մշակեն կարգ` ՀԿ ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում ՀԿ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով: Նախարարի հրամանով ստեղծվել է նաև արագ արձագանքման աշխատանքային խումբ` ապօրինությունների կանխարգելման, ինչպես նաև ԲՀՊՏ-ներում առանց նախազգուշացման, չպլանավորված ստուգայցեր իրականացնելու նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ից ստացել է Արարատի մարզի տարածքում ապօրինի որսի օբյեկտների տեղադիրքը ներկայացնող քարտեզ, որը հաստատում է այն փաստը, որ նապաստակի և բեզոարյան այծի որսի տեղադիրքերը գտնվում են Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքից դուրս (ուղիղ գծով` նապաստակը` 658մ հեռավորության, բեզուարյան այծը` 315մ հեռավորությա վրա): Բնապահպանության նախարարը հանձնարարել է առավել մեծացնել վերահսկողությունը կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ի պահպանման ուղղությամբ: