11 հոկտեմբերի 2012 - 12:25 AMT
ՌԴ Պետդումայում օրինագիծ է մտցվել 2014 ՕԽ տոմսերի վաճառքի կանոնները խախտելու պատիժների մասին

ՌԴ կառավարությունը Պետական դումայում օրինագիծ է մտցրել խոշոր տուգանքների մասին` մինչև 1 մլն ռուբլի Սոչիի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի տոմսերի վաճառքի կանոնները խախտելու համար: Ներկա պահին փաստաթուղթը գրանցված է և ներկայացված սահմանադրական օրենսդրության և պետական շինարարության Պետդումայի հանձնաժողով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Օրինագծում նշվում է, որ Օլիմպիադայի բացման և փակման արարողության, ինչպես նաև սպորտային մրցումների տոմսերի գները կանոնակարգվում են ՌԴ կառավարության կողմից, նա էլ որոշում է դրանք վաճառելու կարգը:

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կհայտնվի առանձին կետ` նվիրված 2014-ի XXII Օլիմպիական և XI Պարալիմպիկ ձմեռային խաղերին: Այսպես, Օլիմպիական և Պարալիմպիկ միջոցառումների տոմսերի վաճառքի կանոնները խախտելու համար քաղաքացիների համար տուգանքը կկազմի այդ տոմսի արժեքի 5-ից մինչև տասնապատիկը, պաշտոնյաների և անհատ գործարարների համար` տոմսի արժեքի 10-ից քսանապատիկը:

Առավել կոշտ պատժամիջոցներ նախատեսված են իրավաբանական անձանց համար` 500 հազար ռուբլուց մինչև 1 մլն ռուբլի կամ մինչև 90 օրով գործունեության դադարեցում: